Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս լինել․ Արարատ Միրզոյան

Armenpress 18:34, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները պետք է աշխատեն, Հայաստանը չի ցանկանում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում։  

«Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Արարատ Միրզոյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am